2.2 Սոցիալական աշխատանքը և սոցիալական ծառայությունները Որպես կանոն սոցիալական աշխատողների մեծ մասն աշխատում են սոցիալական ծառայություններում: Իսկ ինչ են իրենցից ներկայացնում դրանք: Հասարակությունը մի սոցիալական օրգանիզմ է` կոչված ծառայելու իր անդամների բարեկեցությանը: Փոխօգնության և համագործակցության անհրաժեշտությունը միշտ ստիպել է մարդկանց միասին ապրել, ստեղծել ընդհանրություններ, քանի որ հենց համատեղ բնակությունն էր օգնում մարդկանց գոյատևել միջավայրում: Երկար ժամանակ տվյալ գործառույթներն իրականացվում էին ընտանիքի շրջանակներում: Հասարակության զարգացման հետ մեկտեղ, ինչ աստիճանաբար բերում է մարդկանց միջև անմիջական, անձնային հարաբերությունների թուլացմանը, բարեկամների և հարազատների կողմից ցուցաբերվող օգնությունը և խնամքը դառնում է անբավարար: Քանի որ ցանկացած հասարակության նորմալ գործունեությունը կախված է այն բոլոր անդամների ֆիզիկական և հոգևոր առողջությունից և նրանց բարեկացության և զարգացման մակարդակից, հասարակությունն աստիճանաբար իր վրա է վերցնում իր այն անդամներին խնամելու պատասխանատվությունը, որոնք տարբեր պատճառներով օգնության կամ աջակցության կարիք են զգում: Շատ հաճախ նման օգնությունն ունի համակողմանի բնույթ և պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություններ: Նման մասնագիտական օգնություն այլևս հնարավոր չէր իրականացնել որևէ պաշտոնական կառույցների` ընտանիքի և այլն, շրջանակներում և հասարակությունը սկսեց ստեղծել ձևական /պաշտոնական/ կառույցների ցանց, որոնք կոչված են պաշտպանելու բնակչության առավել խոցելի խավերին և հոգալու նրանց կարիքները: Եվ հենց այդ պաշտոնական կառույցներն էլ ընդունված է անվանել սոցիալական ծառայություններ: ՙՍոցիալական ծառայություններ՚ հասկացությունը օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն միաստով որպես սոցիալական ծառայություններ են հանդես գալիս բոլոր ինստիտուտներն ու կառուցվածքները, որոնք օգնում են անձին կատարելագործելու իր` որպես տվյալ հասարակության քաղաքացու գործունեությունը: Նեղ իմաստով սոցիալական ծառայություններն այն կառույցներն են, որոնք սոցիալական աշխատանք են իրականացնում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Սովորաբար սոցիալական ծառայությունները խմբավորվում են համաձայն այս ուղղությունների` 1. սոցիալական ապահովում 2. առողջապահություն 3. կրթություն 4. բնակարանային պայմաններ 5. իրավախախտումներ 6. գործազրկություն 7. երեխաներ 8. ռիսկի խմբեր, այն է ա/ տնտեսական ռիսկի խմբեր. ցածր եկամուտ ունեցող, տվյալ հասարակության մեջ ընդունված չափանիշներով վատ ապրող մարդիկ: Աղքատության հատևանքով այս խումբը կրում է սոցիալական զրկանքների ողջ համալիրըª վատ բնակարանային պայմաններ, կրթության, առողջության, սոցիալական ապահովության մատչելիության ցածր մակարդակ և այլն: բ/ սոցիալական ռիսկի խմբերն իրենց մեջ են ներառում կանանց, ծերերին, հաշմանդամներին և բոլոր նրանց, ովքեր որևէ պատճառով չեն կարող լիիրավ մրցունակ լինել աշխատանքի շուկայում: գ/ ազգային և ռասսայական փոքրամասնություններ, որոնք ավելի խոցելի են աղքատության և աշխատանքի շուկայում` խտրականության հանդեպ /օր. հայ փախստականներն Ադրբեջանից/: Սոցիալական աշխատողը համապատասխան ծառայությունների միջոցով իրականացնում է գործունեության զանազան ձևեր, որոնցից մի քանիսը բերված են իբրև օրինակներ` 1. Սոցիալական աշխատողը խորհրդակցում է աբորտի դիմել ցանկացող կանանց հետ: Նա կարող է պատրաստել մի զեկույց, որը կարող է ազդել թե կնոջ, և թե բժիշկ-գիտեկոլոգի որոշման վրա: 2. Սոցիալական աշխատոը կարող է միջամտել որդեգրման գործընթացին կամ կանխել այն: Նա ընտրում է որդեգիր ծնողներին, խորհուրդ է տալիս կենսաբանական ծնողներին, հետևում է երեխայի որդեգրման գործընթացին: 3. Սոցիալական աշխատողը վճռորոշ դեր է խաղում երեխաների նկատմամբ բռնությունը կանխելու որշում, որը կարող է հոգեբանական և ֆիզիկական շեղումների պատճառ դառնալ: 4. Սոցիալական աշխատողը համապատասխան կենտրոններում աշխատում է իրավախախտների հետ և ապահովում նրանց ուսուցումը` ձեռք բերելու հաղորդակցման և վարքի սոցիալապես ընդունելի հմտություններ, անց է կացնում խորհրդատվություն` ուղղված անձնային զարգացմանը, ներքին ռեսուրսների զարգացմանը, ընդհատված ինտերակցիների և հասարակության հետ կապերի վերականգնմանը /ինտեգրմանը/: 5. Սոցիալական աշխատողը գործ է ունենում հոգեկան խանգարումներով երեխաներ ունեցող ընտանիքների հետ և օգնում երեխային անցում կատարել մանկությունից հասուն կյանքի, հարմարվել հասարակությանը /սոցիալական ադապտացիա/: 6. Սոցիալական աշխատողները կազմակերպում են համայնքային ծառայություններ ցանկացած տարիքի իրավախախտների` տղամարդկանց և կանանց համար, իրենց հսկողության տակ նրանց զբաղեցնելով օգտակար հասարակական աշխատանքով: Շատ երկրներում նման ծառայությունները փոխարինում են բանտարկությանը: 7. Սոցիալական աշխատողը պատասխանատու է այն կենտրոնների կազմակերպման և գործունեության համար, որոնք հոգ են տանում հոգեբուժական հիվանդանոցների նախկին կամ պոտենցիալ հիվանդների մասին: Նրանք օգտվում են առողջապահության և սոցիալական ապահովության ընդհանուր հիմնադրամներից: Նման կենտրոններում հաճախորդներին սովորեցնում են առօրյա կյանքի հմտություններ, մեծ մասամբ նրանք ընդգրկված են ծառայության աշխատանքի մեջ /նրանք ընդգրկում են ծառայության առօրյա կարգավորման և աշխատանքի կազմակերպման մեջ/: 8. Սոցիալական աշխատողը ներգրավված է ընտանեկան կենտրոնների աշխատանքի մեջ, որոնք կոչված են անցկացնելու հոգեբանական խորհրդատվություններ, երբեմն նյութական օգնություն ցույց տալ տարբեր խնդիրներ ունեցող ընտանիքներին: 9. Սոցիալական աշխատողները կազմակերպում են ծառայություններ հաշմանդամներին օգնելու նպատակով /հոգեբանասոցիալական վերականգնում /ռեաբիլիտացիա/, հասարակական հմտությունների ուսուցում, նոր մասնագիտական հմտություններ ստանալու օգնություն, ինտեգրացիա հասարակության մեջ և այլն/: 10. Սոցիալական աշխատողները ծառայություն են կազմակերպում ծերերի համար, քանի որ այդ տարիքի մարդիկ ի վիճակի չեն ինքնուրույն լինել և առավելապես են ենթարկվում տարբեր խնդիրների բախվելու վտանգին: 11. Ծննդատներում սոցիալական աշխատողները խորհրդատվություն են անցկացնում երիտասարդ ծնողների հետ: Այս տարիքում սոցիալական աշխատողի օգնությունն ուղղված է հասարակական նոր դերին հարմարվելուն, կյանքի պլանավորմանը երեխայի ծնունդից հետո: Այսպիսով, սոցիալական ծառայությունների գործունեությունն ուղղված է բնակչության անպաշտպան խմբերի պահանջների բավարարմանը, նրա գոյության համար տանելի պայմանների ստեղծմանը, նրա հարմարվողական ընդունակությունների ուժեղացմանը և աջակցմանը: Այն իրենից ներկայացնում է տնտեսական, սոցիալական, հոգեբանական և մշակութային միջոցառումների ամբողջություն, որն իր մեջ ներառում է խնամքի տարբեր տեսակների իրականացում, սոցիալ-հոգեբանական, բժշկական և իրավաբանական օգնության ցուցաբերում, մասնագիտական պատրաստման կազմակերպում, աշխատանքի տեղավորում և այլն: |