ԿՈՐԱԾ ՄԱՆԿՈւԹՅՈւՆ
Մարդը ծնվում, աշխարհ է
գալիս անկախ իր կամքից: Ավելի ճիշտ երեխան, որը շատ է զգում պաշտպանության և
խնամքի կարիք: Բայց ինչու շատ անգամ այդ երեխաները թողնվում են բախտի
քմահաճույքին: Որոնք էլ խոսել սովորելուց անմիջապես հետո, կամա, թե ակամա,
դառնում են մուրացիկներ ու թափառաշրջիկներ: Եվ մեկ էլ տեսար դուռն են
բախում. "Մի կտոր հաց չէիք տա?" Ինչ անել, երբ աշխարհում բոլորը չեն, որ
գթասիրտ են: Կան նաև այնպիսիները, որոնք ամենաճոխ քեֆի պահին անգամ դուռ են
շրխկացնում նրանց երեսներին կոպտելով. "Չկա": Եվ այդպես այնքան, մինչև մի
օր էլ գիշերը քնելով ցուրտ փողոցի չոր քարին, առավոտն էլ չեն արթնանա:
Բայց
ինչու, որն է նրանց մեղքը… Եվ այսքանից հետո միթե խոսք կարող է լինել
ամենասովորական ուսման մասին: Մինչդեռ, եթե նրանց հանդեպ հոգատար լինեն,
գուցե նրանք կդառնան աշխարհաճանաչ մարդիկ. նկարիչ ու քանդակագործ,
բանաստեղծ ու երաժիշտ, բժիշկ ու հոգեբան, կամ էլ ինչ-որ նոր բանի
գյուտարար: Այստեղ կամա, թե ակամա հիշում եմ Հ. Թումանյանի
պատմվածքներից մեկը` "Իմ ընկեր Նեսոն", որտեղ հեղինակը հերոսի մասին
խոսելով, այսպես է արտահայտվում. "Նեսոն աղքատ է… Նեսոն տգետ է… Նեսոն
լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով… Նա էլ եթե ուսում
առներ, կրթվեր` լավ մարդ կլիներ. գուցե ինձանից էլ շատ ավելի լավը…": Ինչու
այդ անմեղ մանուկների ջինջ հոգին չպիտի ուրախանա մանկական բազում խաղերով,
չպիտի զվարճանա տոներով: Գոնե նոր տարով. Ձմեռ պապ-Ձյունանուշով,
գույնզգույն փուչիկներով ու փայլփլուն լույսերով, որը նրանց համար իրենց
կյանքի ամենաերջանիկ օրը կլինի: Իսկ եթե պիտի հոգսաշատ կյանք ունենան` գոնե
հետո: Տարիներ հետո ասեն. ՙԴե նոր տարի է էլի", որը կհնչի անտարբերից
անտարբեր: Իսկ հետո նույն տոնով կշարունակեն. "Ուղղակի բոլորի նման
մեխանիկորեն մենք էլ ենք պատրաստվում նշելու": Դրանից մի քանի տարի հետո էլ
այն պարտականություն կհամարվեր: Այդ անգամ արդեն ոչ իրենց հաճույքի համար,
այլ իրենց կողքին եղողների, այդ տոնով դեռ ուրախացողների համար կնշեին:
Որոշ ժամանակ հետո էլ… բնազդաբար: Եվ ահա կհասնեին ծերունական տարիքին, և
այդ ժամանակ արդեն նույն հոգսը կհոգային իրենց զավակները: Բայց դա` հտո:
Իսկ այժմ… Ինչ ասել, այս ամենի համար ում մեղադրել, որ չլինի, թե
սխալվես: Կարծում եմ առանց բացատրությունների էլ ամեն ինչ պարզ է, և
յուրաքանչյուր ոք հասկանում է ամեն ինչ, թեկուզ ամեն մեկն էլ յուրովի: Սակայն
եկեք այս հարցին ճիշտ մոտենանք ու խոստովանենք, որ միայն հասկանալը քիչ է,
պետք է լուծում գտնել: Իսկ դա, իմ կարծիքով, վերին ատյանների գործն է, որ
վեչջապես վերջ դնեն այs խայտառակությանը: Որ մանկությունը չդառնա
դժբախտություն երեխայի համար: Եվ նրա գրադարանում հանկարծ չհայտնվի մի
գիրք, որը կկրի "մենակություն" անվանումը, բայց եթե հանկարծ այդպես լինի,
Գոնե ապաԳայում թող այն դառնա նրա տունդարձի ճանապարհը: Որ կարողանա
խուսափել այնպիսի ընթերցողներից, որոնք հազվադեպ պահերի ընդամենը թռուցիկ
թերթում են նախաբանն ու վերջաբանը, բայց գրքի էության մեջ ոչինչ չեն
փնտրում: Ահա մի հարց ևս, որին կրկին չկա պատասխան. ինչու նա, ով լքված
է հասարակության կողմից` բնությունն էլ նրան չի ընդունում. ինչու է
կարկուտը ծեծկում այն կիսամերկ փոքրիկի մարմինը, ինչու է անձրևը հոսում նրա
ցնցոտիներից ներս` մրսեցնելով նրան: Ինչու է հարազատի փոխարեն օտարը
խղճում նրան` մահից փրկում ձեռքերը սառույցի միջից հազիվ պոկելով, կամ էլ
ինչու է արևի կիզող տապն այրում նրա բոբիկ ոտներն ու հոգնած մարմինը: Տարիներ
հետո ինչ է տանելու նա իր հետ դեպի հիշողություն իր ողջ կյանքից: Ոչի'նչ…
նա բացարձակապես զրկված է լինելու հիշողությունից: Քանզի այս կյանք կոչվող
գոյի պայքարում նա հիշողություն հավաքելու ժամանակ չի ունենա: Իսկ եթե
մարդը հիշողություն չունի, ուրեմն… չի ապրել: Եվ այո', մուրացիկները չեն
ապրում, այլ մասնագիտացած իրենց տիտղոսակիր գործում, ռոբոտի պես միայն մի
բան են կրկնում. "Մի կտոր հաց չէիք տա?": Նորից եմ հարցնում. բայց
ինչու… ինչու պիտի նրանք նմանվեին Գրիգոր Զոհրապի "Ճիտին պարտքը" նովելի
հերոսին, երբ այս պատմություններն իրարից դարերով են բաժանվում: Կամ էլ ինձ
թվում է դարերի հեռվից լսում եմ Հ. Թումանյանի նույն պատմվածքի հերոսի հոր
ձայնը. "Կա ո~չ, կա ո~չ, ա'յ ոչ ու փուչ, որտեղից տամ… Երեք մանեթ
ունենամ` կտանեմ. հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած.
կա ո'չ…": Այո', պտտվում է անիվը, կրկնվում է պատմությունը: Բայց իմ կարծիքով պետք է օպտիմիստ լինել, որ լավ օրեր դեռ կգան: Իսկ այսօր և' մեզ, և' թափառաշրջիկին ու մուրացիկին պետք է երեք բան` լավատեսություն, հույս ու հավատ: Սակայն… Մտորումներս ընդհատվեցին դռան զանգից, որին հետևեց ինչ-որ մեկի վախվորած ու ամաչկոտ թոթովախոս ձայնը. -Մի կտոր հաց չէիք տա… Դե եկ այսքանից հետո լավատես եղիր, մնա ու լավատեսություն քարոզիր: |