ԳՅՈՒՄՐԻՆ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ Մարդը ծնվում, աշխարհ է գալիս անկախ իր կամքից: Ավելի ճիշտ երեխան, որը շատ է զգում պաշտպանության և խնամքի կարիք: Բայց ինչու շատ անգամ այդ երեխաները թողնվում են բախտի քմահաճույքին: Որոնք էլ խոսել սովորելուց անմիջապես հետո, կամա, թե ակամա, դառնում են մուրացիկներ ու թափառաշրջիկներ: Եվ մեկ էլ տեսար դուռն են բախում. "Մի կտոր հաց չէիք տա?" Ինչ անել, երբ աշխարհում բոլորը չեն, որ գթասիրտ են: Կան նաև այնպիսիները, որոնք ամենաճոխ քեֆի պահին անգամ դուռ են շրխկացնում նրանց երեսներին կոպտելով. "Չկա": Եվ այդպես այնքան, մինչև մի օր էլ գիշերը քնելով ցուրտ փողոցի չոր քարին, առավոտն էլ չեն արթնանա: Բայց ինչու, որն է նրանց մեղքը… Եվ այսքանից հետո միթե խոսք կարող է լինել ամենասովորական ուսման մասին: Մինչդեռ, եթե նրանց հանդեպ հոգատար լինեն, գուցե նրանք կդառնան աշխարհաճանաչ մարդիկ. նկարիչ ու քանդակագործ, բանաստեղծ ու երաժիշտ, բժիշկ ու հոգեբան, կամ էլ ինչ-որ նոր բանի գյուտարար: Այստեղ կամա, թե ակամա հիշում եմ Հ. Թումանյանի պատմվածքներից մեկը` "Իմ ընկեր Նեսոն", որտեղ հեղինակը հերոսի մասին խոսելով, այսպես է արտահայտվում. "Նեսոն աղքատ է… Նեսոն տգետ է… Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով… Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր` լավ մարդ կլիներ. գուցե ինձանից էլ շատ ավելի լավը…": Ինչու այդ անմեղ մանուկների ջինջ հոգին չպիտի ուրախանա մանկական բազում խաղերով, չպիտի զվարճանա տոներով: Գոնե նոր տարով. Ձմեռ պապ-Ձյունանուշով, գույնզգույն փուչիկներով ու փայլփլուն լույսերով, որը նրանց համար իրենց կյանքի ամենաերջանիկ օրը կլինի: Իսկ եթե պիտի հոգսաշատ կյանք ունենան` գոնե հետո: Տարիներ հետո ասեն. "Դե նոր տարի է էլի", որը կհնչի անտարբերից անտարբեր: Իսկ հետո նույն տոնով կշարունակեն. "Ուղղակի բոլորի նման մեխանիկորեն մենք էլ ենք պատրաստվում նշելու": Դրանից մի քանի տարի հետո էլ այն պարտականություն կհամարվեր: Այդ անգամ արդեն ոչ իրենց հաճույքի համար, այլ իրենց կողքին եղողների, այդ տոնով դեռ ուրախացողների համար կնշեին: Որոշ ժամանակ հետո էլ… բնազդաբար: Եվ ահա կհասնեին ծերունական տարիքին, և այդ ժամանակ արդեն նույն հոգսը կհոգային իրենց զավակները: Բայց դա` հտո: Իսկ այժմ… Ինչ ասել, այս ամենի համար ում մեղադրել, որ չլինի, թե սխալվես: Կարծում եմ առանց բացատրությունների էլ ամեն ինչ պարզ է, և յուրաքանչյուր ոք հասկանում է ամեն ինչ, թեկուզ ամեն մեկն էլ յուրովի: Սակայն եկեք այս հարցին ճիշտ մոտենանք ու խոստովանենք, որ միայն հասկանալը քիչ է, պետք է լուծում գտնել: Իսկ դա, իմ կարծիքով, վերին ատյանների գործն է, որ վերջապես վերջ դնեն այս խայտառակությանը: Որ մանկությունը չդառնա դժբախտություն երեխայի համար: Եվ նրա գրադարանում հանկարծ չհայտնվի մի գիրք, որը կկրի "մենակություն" անվանումը, բայց եթե հանկարծ այդպես լինի, Գոնե ապագայում թող այն դառնա նրա տունդարձի ճանապարհը: Որ կարողանա խուսափել այնպիսի ընթերցողներից, որոնք հազվադեպ պահերի ընդամենը թռուցիկ թերթում են նախաբանն ու վերջաբանը, բայց գրքի էության մեջ ոչինչ չեն փնտրում: Ահա մի հարց ևս, որին կրկին չկա պատասխան. ինչու նա, ով լքված է հասարակության կողմից` բնությունն էլ նրան չի ընդունում. ինչու է կարկուտը ծեծկում այն կիսամերկ փոքրիկի մարմինը, ինչու է անձրևը հոսում նրա ցնցոտիներից ներս` մրսեցնելով նրան: Ինչու է հարազատի փոխարեն օտարը խղճում նրան` մահից փրկում ձեռքերը սառույցի միջից հազիվ պոկելով, կամ էլ ինչու է արևի կիզող տապն այրում նրա բոբիկ ոտներն ու հոգնած մարմինը: Տարիներ հետո ինչ է տանելու նա իր հետ դեպի հիշողություն իր ողջ կյանքից: Ոչի'նչ… նա բացարձակապես զրկված է լինելու հիշողությունից: Քանզի այս կյանք կոչվող գոյի պայքարում նա հիշողություն հավաքելու ժամանակ չի ունենա: Իսկ եթե մարդը հիշողություն չունի, ուրեմն… չի ապրել: Եվ այո', մուրացիկները չեն ապրում, այլ մասնագիտացած իրենց տիտղոսակիր գործում, ռոբոտի պես միայն մի բան են կրկնում. "Մի կտոր հաց չէիք տա?": Նորից եմ հարցնում. բայց ինչու… ինչու պիտի նրանք նմանվեին Գրիգոր Զոհրապի "Ճիտին պարտքը" նովելի հերոսին, երբ այս պատմություններն իրարից դարերով են բաժանվում: Կամ էլ ինձ թվում է դարերի հեռվից լսում եմ Հ. Թումանյանի նույն պատմվածքի հերոսի հոր ձայնը. "Կա ո~չ, կա ո~չ, ա'յ ոչ ու փուչ, որտեղից տամ… Երեք մանեթ ունենամ` կտանեմ. հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած. կա ո'չ…": Այո', պտտվում է անիվը, կրկնվում է պատմությունը: Բայց իմ կարծիքով պետք է օպտիմիստ լինել, որ լավ օրեր դեռ կգան: Իսկ այսօր և' մեզ, և' թափառաշրջիկին ու մուրացիկին պետք է երեք բան` լավատեսություն, հույս ու հավատ: Սակայն… Մտորումներս ընդհատվեցին դռան զանգից, որին հետևեց ինչ-որ մեկի վախվորած ու ամաչկոտ թոթովախոս ձայնը. -Մի կտոր հաց չէիք տա… Դե եկ այսքանից հետո լավատես եղիր, մնա ու լավատեսություն քարոզիր:
|