ԱՆՑՅԱԼԸ ՆԵՐԿԱՆ Է... Ընդամենը երկու բառ, բայց խորիմաստ մի նախադասություն` անցյալը ներկան է: 1988 թվականի աղետալի երկրաշարժից անցել է արդեն շատ տարի և անցյալում է մնացել դեկտեմբերի 7-ն իր չարագույժ և մահաշունչ աղետով: Բայց եկ մտնենք Գյումրի ու յուրաքանչյուր գյումրեցու տուն և տեսնենք իրոք անցյալ է այն: Ո'չ, այն դեռ ներկա է և դեռ շատ երկար ժամանակ է ներկա լինելու այստեղ, որ կոչվում է "աղետի գոտի", իսկ բնակիչները` աղետյալներ: Դեկտեմբերյան այն սարսափելի աղետն իր դրոշմն է կնիքել ողջ քաղաքի վրա: Անցիր քաղաքով և աչքիդ առաջ կհառնեն փլատակներ ու փայտե տնակներ: Իսկ դրանցից ներս ականատես կլինես հաշմանդամների ու անդամալույծների, որոնք պատերից կախված նկարների հետ խոսում են ու լալիս անվերջ: Եվ եթե փորձես հարցնել, թե ուր են այդ նկարները մարմնացողները` ողբ ու կական բարձրացնելով միայն մի բան կասեն` "Կուլ գնացին էն անիրավ երկրաշարժին…": Եվ այսպես` անցյալը ներկան է… Անցյալն ապրում է ամեն մի գյումրեցու սրտում` ցավ տալով նրան, երկրաշարժից ցանկացած մազապուրծ եղածի հոգում` վիշտ պարգևելով և յուրաքանչյուր փոքրիկ ականատեսի աչքերում` արցունք քամելով նրանից: Առաջ, անցյալում, երկրաշարժից էլ առաջ Գյումրիում հաշմանդամներ քիչ կային, բայց հիմա անցիր որտեղից կուզես` ամեն ուրեք հաշմանդամներ են ու խեղվածներ… Ամեն տարի, որքան էլ իրարից տարբեր, միևնույնն է, էլի կրկնվում են ամիսներն ու օրերը: Եվ ամեն տարի ուզես, թե չուզես գալիս է դեկտեմբերի 7-ը: Այդ օրը մտիր քաղաք և կտեսնես մարդկային մի հեղեղ, որի հոսքին կարծես վերջ չկա: Եվ եթե հարց ծագի, թե ուր է գնում այդ հեղեղը` հետևիր նրան: Ու դու կհայտնվես այնտեղ, որտեղ ողբ է ու կական, արցունքի ծով, վշտակեզ սրտերի օվկիան, որին քարն անգամ չի դիմանա: Հետո կարծես առերես հանդարտվում է հեղեղն այդ մոլեգնած, անցյալի գիրկը տանելով ևս մի տարի, բայց երբեք չի խամրում ու չի ջնջվում: Այն ապրում է կենդանի մնացածների մեջ և կապրի հավերժ: Քանզի այն հիշողություն է, իսկ հիշողությունը գյումրեցու մոտ միշտ վառ է ու ներկա: Այս ամենից հետո միթե մարդն ի զորու է անցավ պահել իր այնքան նուրբ ու զգայուն հոգին: Երևի ոչ: Իսկ եթե այո` ապա նա շատ ամուր կամք ունի և արժանի` է գովեստի: Իսկ նրանց, ում չի հաջողվել դա անել, պետք է հոգեբանի նուրբ ու բարի ձեռքը: Այսօր մեր քաղաքին շատ են պետք հոգեբաններ: Քանզի վերքը խորն է, չի բուժվում, և հետո աղետի օրերին շատ էին օգնության ձեռք մեկնողները, և մարդիկ էլ մի տեսակ քարացած էին: Իսկ հիմա դադարել են օգնություններն այս ու այն կողմից, և գյումրեցին մնացել է դեմ առ դեմ իր ցավի հետ: Իսկ այս պարագայում միմիայն հոգեբանի կարիք է զգացվում: Բայց ինչու մարդիկ գիտակցելով այդ փաստը, այնուամենայնիվ, նրան քիչ են դիմում: Այդպես է, որովհետև նրանք վերջինիս հետ են նույնացնում հոգեբույժին, իսկ նրան ով կուզի դիմել… Սակայն նրանք երբեք էլ նույնը չեն, այլ բավականաչափ տարբեր են: Եվ այս նույնացման հարցում ով է մեղավոր… Բայց այս պահին մեղավոր կամ անմեղ փնտրելու ժամանակը չէ, այլ ժամն է քաղաքն ու ժողովրդին հոեկան խեղումից փրկելու… Ինչ ասել այն փոքրիկի մասին, որ չի տեսել երկրաշարժ կամ չի հիշում, բայց պատկերում է այն ու մանկական տկար թոթովանքով բացատրում է և հանկարծ ինքն իր բացատրությունից հուզված` լալիս է: Նրան նույնպես պետք է հոգեբան, որ հասկանա այդ փոքրիկին ու չթողնի, որ նրա հոգին էլ ցավի շատ ցաված հոգիների հետ ու նրանց նման: Անցյալը կաթի և արյան միջոցոով է մտնում նույն անցյալը չտսած փոքրիկների մեջ ու նրանց համար էլ դառնում պատմություն, որն էլ անիվի նման պտտվում է ներկան անցյալ դարձնելով, իսկ անցյալն էլ` ներկա: Եվ նորից անցյալը ներկան է… |