երեխաները չափազանց զգայուն են ընտանեկան խնդիրների, վեճերի նկատմամբ: Երեխան, անընդհատ տեսնելով ընտանեկան վեճերը, կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել: Նա ուղղակի չի կարողանա հաղթահարել դրանք և սթրես կտանի, ինչը կարող է հանգեցնել այլ հիվանդությունների:
«Ծնողների վեճը հատկապես շատ ծանր են տանում երեխաները: Ամուսնալուծությունները, այո, մեզնում ուղեկցվում են վեճերով, աղմուկով, տհաճ միջադեպերով: Մենք չունենք անգամ հանուն երեխաների հանգիստ, քաղաքակիրթ եղանակով ամուսնալուծության ավանդույթ: Ծնողները պետք է հասկանան, որ մանկության տարիների սթրեսը նպաստում է զանազան հիվանդությունների առաջացմանը»,- ասում է հոգեբան Էլյա Սարգսյանը: Նրա կարծիքով` երեխաներն ավելի ծանր կարող են տանել սթրեսը, քան կարելի է պատկերացնել:
Սթրեսի ժամանակ հորմոններ են արտանետվում` փոխելով օրգանիզմի կենսաքիմիան, ինչն էլ իր հերթին ազդում է իմունային համակարգի վրա:
Ընդհանրապես ապացուցված է, որ այն երեխաները, որոնք ավելի հաճախ են սթրեսներ տանում, հետագայում ավելի շատ են հիվանդանում ու հիվանդություններ ձեռք բերում, քան նրանք, ովքեր հաճախ են անգինայով ու մանկական այլ հիվանդություններ տանում, սակայն սթրեսներ` ավելի քիչ:
Վախը, լարվածությունը սկսում են քայքայել նյարդային համակարգը: Կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ առաջանում են հենց սթրեսից` ախտահարելով որոշակի օրգաններ:
Մինչև երեխայի ծնունդը
Ոչ պակաս կարևոր է հղի կանանց հոգեվիճակը. ամեն տեսակի ապրումները ներարգանդային կյանքում փոխանցվում են երեխային:
«Փոքր տարիքից տանել չէի կարողանում տատիս: Ոչ մի կերպ չէի հասկանում` ինչու եմ նրա նկատմամբ այդքան վատ տրամադրված: Ինձ հետ միշտ լավ է վարվել, բայց միշտ վախենում էի նրանից, տեսնելիս լաց լինում: Կարճ ասած` սրտով տառապում էի նրան տեսնելիս»,- պատմում է 24-ամյա Արմանն իր մանկությունից: Նա հավատացնում է, որ վաղ մանկության տարիներին ևս խնդիրներ չի ունեցել տատիկի հետ, իրեն շատ է սիրել, մի խոսքով, պատճառ չկար նրան ատելու:
«Այդ դեպքում պետք է ավելի խորը գնալ, փորձել հասկանալ` գուցե ներարգանդային կյանքի հիշողությունն է: Կինը, ում հիմա երիտասարդն ատում է, հավանական է` վատ հարաբերություններ է ունեցել երիտասարդի մոր հետ, ու հիմա նա ներարգանդային կյանքից բերել է հիշողություններ, դրանով ձևավորել որոշակի վերաբերմունք, որը պահպանվել է, սակայն ինքը պատճառը չի հիշում»,- ասում է հոգեբանը:
Նա վստահեցնում է, որ դեռևս չծնված երեխան ևս կարող է սթրես տանել. չէ՞ որ ինչ զգում է մայրը, փոխանցվում է երեխային և ունենում նույն ազդեցությունը, ինչ արդեն ծնված երեխայի պարագայում:
Արմանի մայրը հետագայում հիշել է, որ իր հղիության ընթացքում սկեսուրն ամեն ինչ արել է, որ ինքը երեխայից ազատվի, վիճել է հետը, մշտապես աղմուկ ու վեճ է եղել տանը, սակայն մայրն այդպես էլ չի հրաժարվել երեխայից:
Մասնագետի խոսքերով` ներարգանդային կյանքից սկսած` երեխան հիշողություն ունի, նա նույն սթրեսներն է տանում, որոնք անհետևանք չեն անցնում:
«Երեխայի կյանքի առաջին երկու տարին բոլորովին նոր է նրա համար, նա անընդհատ ճանաչում է իրեն շրջապատող աշխարհը: Բնականաբար, այս ընթացքում նա իր համար նոր երևույթներից կարող է վախենալ, զարմանալ և այլն»,- նշում է Է. Սարգսյանը: Ծնողի խնդիրն է հնավորինս հեռու պահել երեխային ագրեսիվ երևույթներից, հղի մայրերը պետք է որքան հնարավոր է քիչ նյարդայնանան, իրենք էլ պետք է ապրեն առանց վախի, քանի որ դրանք կարող են վախեցնել երեխային: Այս իմաստով խստագույնս հակացուցված են աղմուկը, վեճերը, վախերը: «Այսինքն, եթե արդեն կինը հղի է, նա ամեն գնով պետք է զերծ պահի երեխային տարատեսակ վեճերից: Չէ՞ որ նա այլևս միայն իր համար չի ապրում: Հակառակ դեպքում երեխան կարող է հիվանդ ծնվել կամ հետագայում ձեռք բերել լրջագույն հիվանդություններ` ոչ միայն նյարդային, այլև ուրիշ բնույթի` կյանքին սպառնացող»: |